Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. պատճառը Մակրոնի հայտարարությունն է

16:13     30 հունիսի, 2023

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն կանչվել է ԱԳՆ։ Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ՀՅԴ ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպմանը և մամուլում նախագահի որոշ հայտարարությունների առնչությամբ։

Դեսպանին տեղեկացրել են, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի անունից արված հայտարարությունները։ Ի պատասխան՝ Բուայոն ասել է, որ ինքը տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։

Նշվել է նաև, որ ադրբեջանական կողմը սպասում է, որ պաշտոնական Փարիզը հաստատի կամ հերքի Էմանուել Մակրոնի անունից հնչեցված կարծիքները։ Եթե ​​դրանք հաստատվեն, ապա հնարավոր է, որ պաշտոնական Բաքուն դիվանագիտական ​​մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ։
 
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝  Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։
 
Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։


© armedia.am