Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են Վաշինգտոնի որոշումը Ուկրաինային կասետային զինամթերքներ հանձնելու մասին, բրիտանացի վարչապետը Լոնդոնում հանդիպման ժամանակ հաստատել է, որ կողմնակից է կասետային զինամթերքներն արգելող կոնվենցիային, փոխանցել է «Ռոյթըր» գործակալությունը՝ հղում կատարելով Սունակի ներկայացուցչին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կողմ ենք ըստ կոնվենցիայի ստանձնած մեր պարտավորություններին, որոնք թույլ չեն տալիս դրանց կիրառումը։ Մենք ոչինչ չենք փոխում այս առնչությամբ, ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ինքը որոշում կայացնի»,- նրան մեջբերել է գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Սունակի ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ որոշումը Կիևին կասետային զինամթերքներ տրամադրելու մասին բարդ էր, և դրան հարկադրել է Ռուսաստանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 7-ին հայտարարել էր Կիևի ռեժիմին կասետային զինամթերքներ տրամադրելու որոշման մասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ այդ մատակարարումները հարվածի տակ են դնում խաղաղ բնակիչներին և ուղղված են ճգնաժամի ձգձգմանը։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ Ուկրաինան կստանա 155 միլիմետրանոց М864 կասետային ռումբեր փողավոր հրետանու, մասնավորապես՝ САУ М109 «Paladin»-ի և М777 հաուբիցների համար։
Կասետային զինամթերքն ապահովում է խոցման մեծ տարածություն, քանի որ «բացվում» է օդում և սուբզինամթերքներ ցրում։ М864 յուրաքանչյուր ական ունի 72 սուբզինամթերք՝ 48 M42 և 24 M46։ Առաջինները նախատեսված են հետևակի, երկրորդները՝ զրահատեխնիկայի խոցման համար։
Այդ կասետներն ապահովված չեն ինքնաոչնչացման սարքերով։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ այդ զինամթերքների 5-14 տոկոսը կարող է ընդհանրապես չպայթել, քանի որ վաղուց մնացել է պահեստներում։ Այդ դեպքում դրանք կլինեն ականներ, որոնք կսպառնան քաղաքացիական բնակչությանն անգամ հակամարտության ավարտից հետո։