Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Տաջիկստանի հետ բազմակողմանի հարաբերությունների նոր փուլի մասին

10:42     2 օգոստոսի, 2023

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Տաջիկստանի իր գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իրանա-տաջիկական հարաբերություններում բազմակողմ համագործակցության նոր փուլ է սկսվել՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում աճի նոր միտումը պետք է շարունակվի, տեղեկացնում է Mehr-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակվել դրանց շուրջ։

Իրանցի նախարարն Իրանի նախագահի այցը Դուշանբե և Տաջիկստանի նախագահի՝ Թեհրան պատասխան այցը  երկրների փոխհարաբերություններում երկու կարեւոր շրջադարձային պահ է անվանել։

Նա նշել է, որ Իրանի ներկայիս կառավարության գործունեության սկզբից ստորագրվել են համագործակցության զգալի թվով փաստաթղթեր, որոնք պետք է իրականացվեն երկու երկրների կառավարությունների հետագա գործունեության շրջանակներում։

Սիրոջիդին Մուհրիդինն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրանի և Տաջիկստանի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ՝ ընդգծելով երկու բարեկամ և եղբայրական երկրների միջև բարձր մակարդակի սերտ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։

Նա Իրանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահի ողջույնները և ընդգծել նախագահ Ռաիսիի՝ Դուշանբե պատասխան այցը կատարելու պաշտոնական հրավերը։




© armedia.am