Օգոստոսի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում էունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպան Պավան Կապուրի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջից ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
Դեսպան Վ.Հարությունյանը գործընկերոջ հետ զրույցում մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին։
Վ.Հարությունյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը հատել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի սահմանը ՝ ըստ էության բացահայտելով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը փաստացի պաշարում է հայտարարել խաղաղ բնակչությանը: Ուշադրություն է հրավիրվել նաև բնակչության սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի անհասանելիության խնդրի վրա։ Այս համատեքստում դեսպանը նշել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը։
Տեղի է ունեցել նաև մտքերի լայն փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։