Օգոստոսի 11-ին և 12-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ստուգել է ռազմական գործարանների, այդ թվում՝ մարտավարական հրթիռների գործարանի աշխատանքը։ Նա հանձնարարել է մեծացնել հրթիռների արտադրությունը՝ «ճնշող ռազմական հզորություն» ապահովելու և պատերազմի պատրաստ լինելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությանը, փոխանցում է Tert.am-ը։
Կիմ Չեն Ընը կարևոր է որակել «առաջնագծի ընդլայնված և ուժեղացված զորամասերի կարիքները բավարարելու նպատակով հրթիռների արտադրության կարողությունների կտրուկ ավելացման խնդիրը»:
«Պատերազմի պատրաստության որակական մակարդակը կախված է ռազմարդյունաբերության զարգացումից, և գործարանը մեծ պատասխանատվություն է կրում մեր բանակի՝ պատերազմին պատրաստվելու գործընթացի արագացման համար»,- նշել է նա։
ԿԺԴՀ ղեկավարը նաև փորձարկել է նոր բազմաֆունկցիոնալ զրահամեքենան, ինչպես նաև բարձր է գնահատել «խոշոր տրամաչափի համազարկային կրակի հրթիռային համակարգերի արտադրական գծերի արդիականացման գործում առաջընթացը»:
Նրա խոսքով, դրանց արտադրությունը «էքսպոնենցիալ մեծացնելու» «կրիտիկական անհրաժեշտություն» կա։
«Մեր բանակը պետք է լիովին ապահովի գերակա ռազմական հզորություն և ցանկացած պատերազմ վարելու ամուր պատրաստակամություն, որպեսզի թշնամին չհամարձակվի ուժ կիրառել և ոչնչացվի, եթե դա անի», - համոզված է Կիմ Չեն Ընը:
ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային լարվածությունը միջուկային պատերազմի շեմին հասցնելու համար։ Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել էր «ուժեղ բանակի» կարևորությունը և կոչ արել «ավելի հզոր հարվածային միջոցներ տրամադրել՝ իրականացնելու պատերազմը զսպելու խնդիրը»։