Վերին Լարս անցակետը ժամանակավորապես կգործի սահմանափակ ռեժիմով. խորհուրդ է տրվում դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները

17:48     16 օգոստոսի, 2023

Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ ինչպես ուղևորատար, այնպես էլ՝ բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՌԴ դաշնային մաքսային ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատանքները, մասնավորապես, կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք ժամանակավորապես, փուլ առ փուլ, կհանվեն շահագործումից, ինչի հետևանքով էլ աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:

ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և  խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները: Նաև հորհուրդ է տրվում, հաշվի առնելով աշխատանքների իրականացումը, պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:


© armedia.am