Իրանի զինվորականները ժամանել են ՌԴ՝ քննարկելու ցամաքային զորքերի համագործակցության հարցը
Իրանի ռազմական պատվիրակությունը ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիյումարս Հեյդարիի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության հարցերը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելովՌուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ երկկողմ բանակցությունների պաշտոնական մասը կայացել է ցամաքային զորքերի գլխավոր կոմիտեում։ Այնտեղ քննարկվել են ռազմական համագործակցության ու փոխգործակցության հարցեր, որոնք ուղղված են նախագծերի իրականացմանը, որոնց նպատակը երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացումն է:
«Իրանը Ռուսաստանի Դաշնության կողմից դիտարկվում է որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը։ Այն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ մշտական ինտենսիվ քաղաքական երկխոսությունը մեր գործընկերության ներկա փուլի բնորոշ առանձնահատկությունն է», – ասել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը:
Նշվում է, որ Սալյուկովն ու Հեյդարին պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին:
Մոսկվա այցի ընթացքում իրանական պատվիրակությունը ցամաքային զորքերի ռազմաուսումնական հաստատություններ և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կայցելի, փոխանցում է Sputnik-ը: