Թուքրիան առաջին անգամ բնական գազ կուղարկի եվրոպական երկիր, որն իր հարևանը չէ, համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է թուրքական BOTAŞ պետական ընկերության և հունգարական MVM-ի միջև, հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնում է NEWS.am-ը:
Նա X (նախկին Twitter) սոցցանցում հայտարարել է BOTAŞ ընկերության և հունգարական MVM ըկերության միջև բնական գազի արտահանման համաձայնագրի մասին։ «Թուրքիան առաջին անգամ բնական գազ կարտահանի եվրոպական երկիր, որն իր հարևանը չէ»,- նշել է նախարարը։
Հունգարիան Թուրքիայի հետ 275 մլն խորանարդ մետր գազ գնելու պայմանագիր է կնքել հաջորդ տարվա գարուն-ամառվա համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Հունգարիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Բուդապեշտը աշխատում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, բայց կարճաժամկետ հեռանկարում ռուսական գազը փոխարինել չի ստացվի։ Ադրբեջանական գազի ավելացմանը զուգընթաց՝ Հունգարիան փորձում է հեղուկացված բնական գազի մատակարարումներն ավելացնել խորվաթական Կրկե տերմինալով և Ռումինիայի գազի հանքավայրից։
Ըստ Սիյարտոյի՝ Բուդապեշտը դիտարկում է նաև Էկվադորից նավթի ներկրման հնարավորությունը։
Սիյարտոն նշել է, որ Կատարի մայրաքաղաք Դոհա իր այցելության ժամանակ կնքվել է համաձայնագիր, որով Հունգարիայի և Կատարի էներգաընկերությունները կարող են բանակցություններ սկսել Հունգարիա հեղուկացված բնական գազի մատակարարումների մասին մոտավորապես երեք տարի հետո։ Բանակցություններ են ընթանում նաև հունգարացի և օմանցի գործընկերների միջև Օմանից նավթի և գազի ներմուծումն սկսելու մասին։ Սիյարտոն ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրների հետ համաձայնագրերը չեն նշաանկում հրաժարում ՌԴ-ի հետ գործարքից, այլ ուղղված են դիվերսիֆիկացմանը։