Վրաստանի իշխանությունները պատրաստ են Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել կառավարական «Խաղաղ հարևանության նախաձեռնությունում», որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի իր ելույթում, տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով «Sputnik Грузия»-ին։
2021թ. վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ»։ Վարչապետն առաջարկել է հարևաններին ստեղծել կողմերի միջև ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային պլատֆորմներ։ 2022թ. հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում։
«Իմ կառավարության խաղաղ հարևանության նախաձեռնության հիման վրա մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր հարևաններին և բարեկամներին Հայաստանից և Ադրբեջանից ներգրավել այս գործընթացում, որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, Վրաստանը ձևավորում է բազմաչափ տարածաշրջանային հաբ։
«Վրաստանը վերածվում է բազմապլան տարածաշրջանային հաբի։ Մեր ֆինանսական հատվածը ստացել է համաշխարհային ճանաչում, և մենք ներգրավում ենք միջազգային ներդրողների, ինչը լրացուցիչ կապիտալ է բերում մեր տնտեսություն։ Մենք նաև դիտարկում ենք ներդրումները մեր ենթակառուցվածքում՝ որպես կապերի ամրապնդման, լոգիստիկ և էներգետիկ սեկտորների հաջող զարգացման առաջնահերթություն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը դիտարկում է Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն կապերի հաստատման ռազմավարական տրանսպորտային միջանցքների հարցը։
«Վրաստանի մասնակցությունը միջազգային տարբեր նախաձեռնություններում և ենթակառուցվածքային նախագծերում ամրապնդում է մեր կապն ու նպաստում առևտրի զարգացմանը Սևծովյան տարածաշրջանում»,- նշել է Ղարիբաշվիլին։