Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած կոչով դիմել է միջազգային հանրության առաջնորդներին։
«10 ամսվա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։
Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշեցնում է պատմության ամենամութ ժամանակները։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը վերացնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդների տեղակայում` մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք»։