Ալեն Սիմոնյանը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր

13:20     29 սեպտեմբերի, 2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Շնորհավորելով գործընկերոջը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդիր մարմինների միջև շփումները կակտիվանան՝ նպաստելով երկկողմ և միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը: Կողմերը միակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առաջմղման գործում կարևոր դեր ունի միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպման առանցքում են եղել Հայաստանում տիրող իրավիճակը և այն մարտահրավերները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայից, լայնածավալ հարձակումից և տեղահանման հանգեցրած գործոններից: «Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորվեն: ՀՀ ԱԺ խոսնակը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրականացված ոտնձգությունները՝ հիշեցնելով, որ դեռ Ադրբեջանի կողմից չեն վերադարձվել պատանդառության մեջ պահվող մեր հայրենակիցները:

Քննարկում է ընթացել տարածաշրջանի իրադրությամբ պայմանավորված տեղեկատվական պատերազմների և Ադրբեջանի կողմից սոցցանցերով սոսկալի կադրեր և ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ: Գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին: Մտքեր են փոխանակվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:


© armedia.am