Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան

09:38     2 հոկտեմբերի, 2023

Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը և լուսանկար է հրապարակել Արցախում մնացած փրկարարների խմբից՝ ՆԳ նախարարի գլխավորությամբ:

«Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։

Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։

Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։

Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը»։


© armedia.am