2015 թ. հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցան «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները: Գործում, որպես երրորդ կողմ՝ ներգրավված էր նաև Հայաստանի Հանրապետությունը, ում դիրքորոշումն ու շահերը Դատարանում ներկայացրին միջազգային կարգի իրավապաշտպաններ Ջեֆրի Ռոբերտսոնն ու Ամալ Քլունին: Նիստի ընթացքում բոլոր կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումն ու փաստարկները և այժմ սպասում են Դատարանի վճռին, որն ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա 6-8 ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով վերջին շրջանում վերոնշյալ գործի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք հակիրճ տեղեկանք ՄԻԵԴ-ի կառուցվածքի, իրավազորության, վճիռների և դրանց իրավական ու քաղաքական հետևանքների մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի մարմին է, Ստրասբուրգում գործող միջազգային դատարան: Դատարանի խնդիրն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը և հարգանքը ԵԽ անդամ պետությունների կողմից, ինչն էլ իրականացնում է անհատների, որոշ դեպքերում պետությունների ներկայացրած բողոքների հիման վրա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդվածի 32-ի, տարածվում է բոլոր այն հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք հանձնվում են համապատասխան հոդվածներով նախատեսված դեպքերում: Դատարանի վերջնական որոշումները պարտադիր իրավաբանական ուժ ունեն անդամ պետությունների համար:
Դատարանի կազմում ընդգրկված են ԵԽ անդամ, այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած պետությունների թվին համապատասխանող (ներկայումս՝ 47) դատավորներ: Սակայն անդամ դատավորները Դատարանում ներկայացնում են միայն իրենք իրենց և իրավունք չունեն որևէ պետության անունից հանդես գալու: ՄԻԵԴ-ում դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից վեցամյա ժամկետով: Նրանք կարող են պաշտոնավարել մինչև 70 տարեկանը:
Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, սակայն դիմումները կարող են ներկայացվել անդամ պետությունների պաշտոնական լեզուներից որևէ մեկով:
ՄԻԵԴ-ում գործերը քննվում են յոթ անդամներից բաղկացած Պալատի կամ տասնյոթ դատավորներից կազմված Մեծ պալատի կողմից: Սակայն մինչև գործի՝ ըստ էության քննության անցնելը այն պետք է բավարարի ՄԻԵԴ-ի ընդունելության չափանիշներին, որոնք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են խստացվում՝ հաշվի առնելով ստացվող դիմումների մեծ քանակը: Եվ այսպես՝ ՄԻԵԴ-ի կողմից հայցն անընդունելի ճանաչելու հիմք կարող է լինել՝
Ընդունելության չափանիշներին բավարարելու դեպքում գործը վերցվում է ըստ էության քննության: Պալատի կողմից ընդունված որոշումների հետ անհամաձայնության դեպքում պատասխանող պետությունը կարող է այդ որոշումը բողոքարկել տասնյոթ դատավորից բաղկացած Մեծ պալատում, որի վճիռներն արդեն վերջնական են և պարտադիր անդամ պետությունների համար: Դատավճռի կատարման վերահսկման համար պատասխանատու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն: Դատարանի վճիռները չկատարելը լուրջ քաղաքական հետևանքներ կարող է առաջացնել պետության համար՝ ընդհուպ մինչև Եվրոպայի խորհրդում անդամությունից զրկում: