Լայնամասշտաբ միջազգային գիտաժողով՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին

13:58     16 փետրվարի, 2015

ԱՄՆ Նաբրասկա-Լինքոլն համալսարանում տեղի կունենա երկօրյա գիտաժողով "100-ամյակի անցում. Հայոց ցեղասպանության պատմագրության վերագնահատում " թեմայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, հայտնում է  Armenianweekly-ին:

Գիտաժողովը կազմակերպվելու է նույն համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանի կողմից: Միջոցառման հովանավորներն են Հրեական հետազոտությունների Նորման և Բերինիս Հարիս կենտրոնը,  ԱՄՆ Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիան (NAASR), ԱՄՆ-ում Հայագիտական ընկերակցությունը (SAS), նույն համալսարանի Պատմության ֆակուլտետը,  Մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի մշտական ծրագիրը, Կանանց և գենդերային հետազոտությունների ծրագիրը, ինչպես նաև նույն համալսարանի Էթնիկական հետազոտությունների ինստիտուտը:

Գիտաժողովի ընթացքում քննարկման հիմնական թեմաներ են լինելու Հայոց ցեղասպանության մարդասիրական և հումանիտար միջամտությունը, կանայք և երեխաները Հայոց ցեղասպանության համատեքստում, Հայոց ցեղասպանության համեմատական հարթությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ազդեցությունը հասարակության, քաղաքականության, գրականության և մշակույթի վրա: Միջոցառմանը կմասնակցեն 22  գիտնական Հայաստանի, Կամբոջայի, Կանադայի, Հոլանդիայի, Հունգարիայի, Իսրայելի և  Միացյալ Նահանգների 17 տարբեր գիտական հաստատություններից:


© armedia.am