Դավութօղլու. Թուրք հասարակությունը պատրաստ է շարունակել քրդական կարգավորման գործընթացը

15:46     17 փետրվարի, 2015

Թուրք հասարակությունը պատրաստ է շարունակել քրդական կարգավորման գործընթացը: Այս մասին Պակիստան մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Եթե քրդերը կողմ են կարգավորմանը, նրանք, նախ և առաջ, պետք է հայտարարեն բռնությունից և զենքից հրաժարվելու մասին: Այս գործընթացում տեղ չկա ահաբեկչության և զենքի համար: Բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի: Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ կարող են զենքը ձեռքին ինչ-որ բանի հասնել, սխալվում են», - հայտարարել է Դավութօղլուն:

Նա շեշտել է, որ սա թուրքական ղեկավարության սկզբունքային դիրքորոշումն է՝ հիշեցնելով, որ իշխող կուսակցությունը հունիսի 7-ին գնում է խորհրդարանական ընտրությունների «նոր Սահմանադրության ետևից»: Նրա կարծիքով թուրք հասարակությունը թե՛ հոգեբանական, թե՛ սոցիոլոգիական տեսանկյուններից պատրաստ է շարունակել քրդական կարգավորման գործընթացը, հայտնում է TASS-ը:

Դավութօղլուն նաև նշել է, որ կառավարությունը մտադիր է ներքին անվտանգութան մասին մի շարք օրինագծեր ներկայացնել խորհրդարանի դիտարկմանը: 


© armedia.am