Մոլդովայի նոր վարչապետը կարող է գործարար լինել

14:48     18 փետրվարի, 2015

Մոլդովայի նոր վարչապետի թեկնածությունը հաստատվել է: Պաշտոնը կարող է զբաղեցնել անկուսակցական գործարար Կիրիլ Գաբուրիչը:

Գաբուրիչի թեկնածությունն առաջադրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից և երեկ ստացել է երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հավանությունը: Գաբուրիչն այժմ ունի 15 օր կառավարության կազմն ու ծրագիրն առաջադրելու և խորհրդարանի հավանությունը ստանալու համար:

Ակնկալվում է, որ Գաբուրիչի առաջարկած կառավարությանը կողմ կքվերակեն նաև Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները:

Գաբուրիչը 38 տարեկան է: Նախկինում նա ղեկավարել է Moldcell հեռախոսային օպերատոր հանդիսացող կազմակերպությունը, ապա Azercell ադրբեջանական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Մոլդովայի խորհրդարանը դեմ քվեարկեց գործող վարչապետ Յուրի Լանկեի առաջարկած կառավարության կազմին և ծրագրին: Երկրորդ անգամ կառավարության կազմը չհաստատելու դեպքում երկրի խորհրդարանը կլուծարվի: 


© armedia.am