Ամերիկյան Starbucks կազմակերպությունը պաշտոնապես ներողություն է խնդրել հայերից վերջին գովազդային ակցիայի համար:Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:
Օրերս Լոս Անջելոսի մի քանի խանութներում տեղադրվել էին կազմակերպության նոր գովազդային ցուցանակները, որոնցում թուրքական դրոշի ֆոնի վրա պատկերված էին հայկական տարազով աղջիկներ: Այս փաստը, բնականաբար, զայրույթ է հարուցել շատ հայերի մոտ, ովքեր սոցիալական ցանցերում բողոքի ակցիա են սկսել Starbucks-ի դեմ: Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը նշել է, որ իրենք այդ մասին տեղեկացել են «փետրվարի 18-ի վաղ առավոտյան Կալիֆորնիայի օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում տարածած նյութերից»: «Մեզ համար շատ արագ պարզ դարձավ, որ դա բավականին լուրջ խնդիր է մեր համայնքի համար, քանի որ մենք մեծ թվով բողոքներ էինք ստանում»,-ասել է Համփերյանը` ավելացնելով, որ Starbucks-ը բավականին դրական է արձագանքել նկարները հանելու պահանջին:
Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, թե որևէ կերպ չեն ցանկացել գովազդել Թուրքիան և խոստացել են հանել այդ նկարները: