- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նշանակություն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան:
- Համանախագահների այցը տարածաշրջան, կարելի է ասել, կոչված էր ճշտելու ժամացույցները հունվարյան սրացումներից հետո և հետ բերելու գործընթացը բանակցային հուն: Իրենց հարցազրույցներում և մամլո հաղորդագրությունում համանախագահներն ընդգծեցին, որ կոչ են արել պահպանել հրադադարը և առաջարկներով են հանդես եկել՝ կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ: Բացի այդ, նախապատրաստվում է նախագահների հերթական հանդիպում:
Այցին զուգահեռ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, սակայն, հուշում են, որ կողմերը բավական հեռու են համաձայնության գալուց, և լավատեսության տեղիք՝ բանակցային գործընթացի առաջընթացի առումով, չկա:
Կառանձնացնեմ, սակայն, մի քանի դրույթներ, որոնք իսկապես արժանի են ուշադրության և լավատեսության հիմք են տալիս: Մասնավորապես, կարևոր է այն, որ համանախագահները շարունակում են հետևողական շփումները Ղարաբաղյան կողմի հետ, ի դեպ, ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլև հանրության հետ: Սա ցույց է տալիս, որ համանախագահների մոտ գերակշռում է այն գիտակցումը, որ ի վերջո հարցի վերջնական կարգավորումը կախված է լինելու հենց Արցախի քաղաքացիներից: Այս առումով, դրական էր նաև Արցախի ԶԼՄ-ներին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հարցազրույցի փաստը:
Ղարաբաղի հետ շփումները լավատեսության որոշակի հիմք տալիս են:
Ինչ վերաբերում է հետագա ակնկալիքներին, ամենայն հավանականությամբ, շարունակում են արդիական մնալ վստահության այնպիսի միջոցառումներ, ինչպիսին են դիպուկահարների հետ քաշումը ԼՂՀ-Ադրբեջան, ՀՀ-Ադրբեջան սահմաններից, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների սահմանումը և այլն: