Գալիպոլիի ճակատամարտի օրն ապրիլի 24-ին նշելու` Թուրքիայի նախագահի ծրագիրը ձախողվել է` ստիպելով Անկարային հրաժարվել այդ օրը նախատեսած միջոցառումներից, գրում է Azbarez.com-ը` հղում կատարելով Sunday’s Zaman-ին: Պարբերականի փոխանցմամբ պատճառն այն է, որ քիչ թվով համաշխարհային առաջնորդներ են համաձայնել մասնակցել արարողություններին: Zaman-ը մեջբերում է Թուրքիայի կառավարության անանուն աղբյուրի խոսքերն, ըստ որի «Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստությունները դադարեցվել են, քանի որ RSVP (Resource ReSerVation Protocol-Ռեսուրսների վերապահման արարողակարգ) հրավերներին արձագանքների մի մասը դրական չի եղել: Միայն հինգ երկիր է ընդունել հրավերը, ընդ որում նրանք ներկայացված չեն լինի բարձր մակարդակով»:
Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը նախատեսված միջոցառումներին մասնակցելու հրավեր էր ուղարկել համաշխարհային ավելի քան 100 առաջնորդների, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահն, ով ավելի վաղ Էրդողանին հրավիրել էր ապրիլի 24-ին այցելել Հայաստան, հունվարի 16-ին պատասխանել էր, թե «մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: