Ժնևում փետրվարի 22-ին մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև: Լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը, ինչպես նաև համակարգող խորհրդակցություն է անցկացվել «վեցնյակի» անդամ-երկրների (ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) միջև: Կողմերը հայտարարում են, որ մտադիր են իրանական միջուկային խնդրի շուրջ համաձայնագրի քաղաքական հատվածը համաձայնեցնել մինչև մարտի 24-ը: ԱՄՆ-ը հայտարարում է, որ դեմ է բանակցությունների ժամկետի երկարաձգմանը՝ չնայած Իրանի հետ ունեցած «էական տարաձայնությունների պահպանմանը»:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների և մերձավորարևելյան վերջին զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ:
- Ո՞րոնք են բանակցությունների հիմնական խնդրահարույց դրույթները: Ի՞նչ կանխատեսումներ ունեք բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
Բանակցությունների գլխավոր խնդրահարույց դրույթը կրկին Իրանի միջուկային ծրագիրն է: Մենք տեսնում ենք, որ ավելի են ակտիվանում Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները, արդեն երկրորդ անգամ Իրանի արտգործնախարար Զարիֆն ու ԱՄՆ պետքարտուղար Քերին առանձնազրույցներ են ունենում: Նրանց միջև տարվող քննարկումների արդյունքում, կարծես թե, երևում են հանգուցալուծման հնարավոր մեխանիզմները:
Հիմնական խնդիրն այն է, որ, ինչպես գիտենք, Միացյալ Նահանգները և Արևմուտքը պատժամիջոցների են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հիմք ընդունելով Իրանի միջուկային ծրագիրը և նրա ցենտրիֆուգների քանակն ու հարստացված ուրանի պաշարները: Բանակցությունները հենց սրա շուրջ են ընթանում: Իրանը պահանջում է ապասառեցնել եվրոպական բանկերում գտնվող իրանական հաշիվները և թուլացնել ճնշումն Իրանի նկատմամբ՝ դրա դիմաց խոստանալով կրճատել նույն ցենտրիֆուգների, հարստացված ուրանի պաշարների քանակը և այլն: Այսինքն, բանակցային գլխավոր խնդիրը սա է: Հստակ խնդրի առկայությունն, ինքնին, դրական երևույթ է այնքանով, որ պարզ երևում է, թե ինչի շուրջ են բանակցում կողմերը, ինչ են պատրաստ զիջել և ինչի դիմաց:
Դժվար է հստակ կանխատեսումներ անել բանակցությունների ընթացքի վերաբերյալ, քանի որ խնդիրը կայանում է նրանում` արդյո՞ք կողմերը պատրաստ են պահել իրենց խոստումները, թե ոչ: Նույն Միացյալ Նահանգներն արդյո՞ք կկարողանա գնալ ճնշումների նվազեցմանը, որովհետև մենք գիտենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է Իրանի նկատմամբ ճնշումների թեթևացմանը, սակայն նույնը չենք կարող ասել Սենատի մասին, որը փորձում է նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել: Իրանական կողմը ևս, ի դեմս արտգործնախարարության, հայտարարում է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն նույն իրանական խորհրդարանում 20-25 պատգամավորներ ստորագրահավաք են կազմակերպում Զարիֆի դեմ Քերիի հետ 15 րոպե առանձնազրույւց ունենալու համար: Իրավիճակը բավականին բարդ է, սակայն մեծ ակնկալիքներ կան, որ կողմերը կկարողանան գտնել հանգուցալուծման եզրերը:
- Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանն իրանական միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների հաջող ընթացքից:
Հայաստանը որևէ կերպ ներգրավված չէ այս գործընթացում: ՀՀ-ն կողմ է, որ խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով, քանի որ Իրանը մեզ համար սահմանակից երկիր է: Հայաստանին, բնականաբար, ձեռնտու չեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս պատժամիջոցների ազդեցությունը, թեև ոչ ակնհայտորեն, զգացվում է նաև Հայաստանի վրա: Կրճատվում են առևտրի ծավալները, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը և այլն, այսինքն ֆինանսական խնդիրների առկայությունն անուղղակիորեն զգացվում է նաև Հայաստանում:
Որքանո՞վ է իրատեսական կամ հավանական այն տեսակետը, որ «Իսլամական ծայրահեղականությունը», ի դեմս գործող բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների, կարող է մոտ ապագայում սպառնալ նաև Իրանի անվտանգությանը:
Ներկայումս Իրանը բավական ակտիվ գործում է այս ծայրահեղական խմբավորումների դեմ, շատ ավելի ակտիվ, քան կարծում էին Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը: Իսլամական ծայրահեղականության ահագնացող չափերն, իսկապես, կարող են սպառնալիք հանդիսանալ Իրանի համար, քանի որ տարածաշրջանի երկրները փաստացի չեն կարողանում զսպել ծայրահեղականներին:
Իրանի սահմանները բավական կայուն պաշտպանված են, մոբիլիզացված են երկրի զինված ուժերը, այսինքն դժվար է կանխատեսել, որ Իրանում կարող են պատահական ահաբեկչություններ իրականացվել: Իրանն աչալրջորեն հետևում է այս գործընթացներին: