Թուրքիայի խորհրդարանում արդեն մեկ շաբաթ է, ինչ ակտիվ ընթանում են «Անվտանգության օրինագծի» շուրջ քննարկումները, որոնք մի շարք լուրջ հակասություններ են առաջացրել իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև, գործը հասավ նույնիսկ պատգամավորների միջև ծեծկռտուքի: Ինչու՞մն է հարցը:
Թուրքիայի խորհրդարանը ձեռնամարտի հրապարակի վերածած, այսպես կոչված, «Անվտանգության օրինագծի» շուրջ քննարկումներն իսկապես աննախադեպ իրավիճակ են ստեղծել Թուրքիայի օրենսդիր մարմնում: Օրինագծի դեմ քննարկումների այս փուլ սկսվել է նախորդ շաբաթվա սկզբից` փետրվարի 17-ից և շարունակվել մինչև շաբաթվա վերջ: Միայն կիրակի օրը բուռն քննարկումներից հետո Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում կուսակցությանը» հաջողվեց հասնել նրան, որ օրինագծից տասը հոդված ընդունվի: Իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ օրինագծի դեմ պայքարը միավորել է Թուրքիայի ընդդիմադիր երեք հիմնական ուժերի` խորհրդարանի հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (CHP), «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP), որոնք հայտնի են նաև որպես «Գորշ Գայլեր», և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչներին: Այս երեք կուսակցությունները, դեմ հանդես գալով օրինագծին, պնդում են, որ այն Թուրքիան կվերածի «ոստիկանական պետության»: Վերջիններս օրինագիծն այլ կերպ անվանում են «հեղաշրջում ժողովրդավարության դեմ»: Մինչդեռ իշխող կուսակցությունն ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պնդում է, որ երկրի ոստիկանությանն անհրաժեշտ է ավելի մեծ լիազորություններ տրամադրել, ինչը թույլ կտա երկրում ապահովել հասարակական կարգուկանոնը և ժողովրդի անվտանգությունը:
Օրինագծի էությունն ավելի պարզ հասկանալու համար հակիրճ անդրադառնամ դրա որոշ դրույթների: Օրինակ, Թուրքիայի սահմանադրության 34-րդ հոդվածը թույլ է տալիս իրականացնել հանրահավաքներ, պայմանով, որ դրանց կազմակերպման մասին 48 ժամ առաջ տեղեկացվի համապատասխան վարչական մարմիններին: Նոր օրինագծով՝ մինչև չորս տարի ազատազրկում է սպասվում բոլոր նրանց, ովքեր «զենքերով» , ինչպես նաև դեմքերը փակ կմասնակցեն ցույցերի (նոր օրինագծում զենքի տեսակ են համարվում նաև ցուցարարների կողմից հաճախ օգտագործվող պայթուցիկ նյութերը): Համաձայն մյուս փոփոխության՝ մինչև երեք տարի ազատազրկում է սպասվում բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն այն կազմակերպությունների կողմից իրականացվող ցույցերին, որոնց գործունեությունը ապօրինի է համարվում Թուրքիայում: Կարևոր է նկատել, որ «Քրդական բանվորական կուսակցության» գործունեությունը նույնպես արգելված է Թուրքիայում: Ակնհայտ է, որ օրինագծում տեղ գտած այս և այլ կետերը սահմանափակում են մարդկանց մի շարք հիմնարար իրավունքներ և ազատություններ: Պատահական չէ, որ այս համատեքստում ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը բարձրաձայնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ օրինական է, երբ պետությունը փորձում է պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունը, սակայն այդ նպատակով կիրառվող գործիքները պետք է լինեն հիմնարար իրավունքներին և ազատություններին, եվրոպական չափանիշներին համապատասխան:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի իշխող կուսակցությունը՝ նման օրինագիծ ընդունելով: Կարծիք կա, որ այդ օրինագիծը դեմ է երկրում բնակվող քրդերի շահերին: Ինչո՞վ է բացատրվում նման տեսակետը:
Իշխող կուսակցությունը նման օրինագծի ընդունման անհրաժեշտությունը փորձում է բացատրել 2013 թվականին Թուրքիայի Գեզի այգում տեղի ունեցած բնապահպանական ցույցերի, ինչպես նաև նախորդ տարի հոկտեմբերին քրդերի կողմից կազմակերպված ցույցերի ժամանակ գրանցված մարդկանց իրավունքների ոտնահարման, մահվան դեպքերը հետագայում կանխելու մտադրությամբ: Թուրքական մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ վերջին վեց տարում մոտ 183 մարդ է մահացել նման բողոքի ալիքների հետևանքով, որից մահվան տասներեք դեպքերը գրանցվել են Գեզի այգում տեղի ունցած ցույցերի ժամանակ: Սակայն հայտնի է, որ ցույցերի ժամանակ մարդկանց մահվան և իրավունքների ոտնահարման դեպքերը տեղի են ունեցել հենց Թուրքիայի ոստիկանության կողմից կիրառված բռնությունների հետևանքով:
Միաժամանակ կասկածից վեր է նաև, որ օրենքը միտված է նաև քրդական խնդրի ճնշմանը: Սրա ապացույց էլ այն է, որ նոր օրինագծով հստակ սահմանվում է ազատազրկում բոլոր նրանց համար, ովքեր կմասնակցեն երկրում անօրինական համարվող կազմակերպությունների կողմից իրականացվող ցույցերին: Ինչպես խոսքումս արդեն նշեցի, Թուրքիայում քրդերի իրավունքների պաշտպան հանդիսացող «Քրդական բանվորական կուսակցության» գործունեությունը արգելված է երկրում:
Ինչ վերաբերում է նման օրինագծի նպատակին, ըստ իս՝ նման օրինագիծ ընդունելով՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունը, կարելի է ասել, պատրաստվում է Թուրքիայում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում շատ հետաքրքիր էր Էրդողանի կողմից փետրվարի 8-ին արված հայտարարության ենթատեքստը, որում նա մոտավորապես հետևյալ միտքն է արտահայտում. եթե օրինագիծը չհաստատվի, Թուրքիայում հունիսին սպասվող ընտրությունները «կանցնեն զենքի ստվերի ներքո»: Փաստորեն, Թուրքիայի ներկայիս նախագահը շատ բարձր է համարում ընտրությունների արդյունքներին հաջորդող մասսայական դժգոհությունների ալիքի բարձրացումը, ինչը բնական չէր կարող համարվել ընտրությունների արդար անցնելու պարագայում: