ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Ջուդի Չուն կոչ է արել այսօր` փետրվարի 27-ին, Ներկայացուցիչների պալատում նշել Սումգայթի, Բաքվի և Կիրովաբադի կոտորածների հիշատակը: Չուն նաև կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան: Այս մասին տեղեկանցում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը:
Կոնգրեսականը նշել է, որ 27 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանից անկախանալու իր որոշման պատճառով կանխամտածված հարձակումների է ենթակվել ադրբեջանական իշխանությունների կողմից: «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պարբերաբար զոհ է դարձել դաժան ռասայական ջարդերի…. Դրա հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ հազարավորները ստիպված են եղել գաղթել… 1991թ դեկտեմբերի 10-ին անկախության հռչակումը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է եղել դիմավորել Ադրբեջանի կողմից հրահրված լայնածավալ պատերազմով, որը շարունակվել է երկու տարի: Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների պայմաններումՙ»,-ասել է կոնգրեսականը: Չուն հույս է հայտնել, որ մի օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «ազատ կլինի որոշելու իր ապագան»:
Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է կոնգրեսականի այս ելույթը: «Հայ դատի ամերիկյան հանձնախումբը ողջունում է կանգրեսական Չուի հզոր բարոյական դիրքորոշումը ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր զոհվել են Ադրբեջանում հակահայկական այս կոտորածների ժամանակ: Մեծապես գնահատում ենք նրա ջանքերը իր գործընկերներին Բաքվի շարունակվող ագրեսիայի մասին տեղեկացնելուն ուղղված, ինչպես նաև նրա կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտպանությունը»,-նշել է Համփարյանը