Յուլյա Յակուշևա
«Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն
- Որքանո՞վ են այսօր ԵԱՏՄ անդամ երկրների հանրությունները գիտակցում և օգտվում Միության ընձեռած հնարավորություններից: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:
- Եթե խոսենք ԵԱՏՄ անդամ-երկրների հանրության լայն շերտերի մասին, ցավոք, մեծամասամբ նրանք դեռ լիովին չեն զգացել Միության օգուտները և ազդեցությունն իրենց գրպանի վրա: Չնայած, օրինակ, Ղազախստանում, ռուսաստանյան տնտեսության բարդությունները դրական անդրադարձ ունեցան սպառողների վրա: Ռուբլին արժեզրկվեց թենգեի համեմատ և տեղի ունեցավ ռուսական արտադրության էժան ապրանքների ներհոսք Ղազախստան, որոնք գնելը սպառողի համար ավելի ձեռնտու էր տեղական արտադրանքից: Դա որոշակի լարվածություն և դժգոհություն առաջացրեց բիզնես միջավայրում: Այստեղ իրավիճակը երկակի էր:
Մյուս կողմից, հանրությունը դեռ լիարժեք չի զգացել չորս ազատությունների ազդեցությունը, օրինակ, մարդկանց ազատ տեղաշարժի առավելությունները: Դեռևս լիարժեք հանված չեն միգրացիոն սահմանափակումները՝ կապված ԵԱՏՄ տարածքում եվրասիական պետությունների քաղաքացիների տեղաշարժի հետ: Կարծում եմ, այդ ուղղությամբ պետք է աշխատել: Դեռևս այնպես է ստացվում, որ ազգային օրենսդրությունները գերակայություն ունեն վերազգային որոշումների, պայմանավորվածությունների վրա, ինչը սկզբունքորեն չպետք է տեղի ունենա:
Իհարկե, ԵԱՏՄ-ի ձևավորման արդյունքներն անմիջապես չեն զգացվելու, դրա մասին զգուշացնում էին նաև փորձագետները: Այնուամենայնիվ, հասարակությունը պետք է պատրաստ լինի մի շարք խնդիրների. անխուսափելի են ազգային տնտեսությունների ինտեգրման բարդությունները: Առաջին փուլում հնարավոր են բացասական դրսևորումներ, բայց մենք պետք է պատրաստ լինենք նաև դրական փոփոխությունների, որոնք տեղի են ունենալու մեր կյանքում:
Արդիականություն է ստանում եվրասիական տարածքում տեղի ունեցող գործընթացների ինֆորմացիոն, փորձագիտական ուղեկցության հարցը: Այն, ցավոք` դեռ շարունակում է անբավարար մակարդակի վրա մնալ: Երբեմն լրագրողները, փորձագետները պարզապես տեղեկատվության պակաս են զգում՝ օբյեկտիվ, դրական տեղեկատվության պակաս, որ կարողանան այն հասցնել ընթերցողներին, հեռուստադիտողներին, շարքային քաղացիներին: Այդ պատճառով պետք է միայն ողջունել Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի մամլո ծառայության հիմնումը, գործունեության ակտիվացումը: Այժմ քննարկվում է նաև տեղեկատվական դեպարտամենտի ստեղծման հարցը:
Այդ ուղղությամբ նախաձեռնվում են դրական քայլեր և փորձագիտական հանրույթի նպատակն է լինելու պարզ և մատչելի լեզվով քաղաքացուն բացատրել բյուրոկրատական բարդ խնդիրները՝ կապված ԵԱՏՄ ստեղծման և գործունեության հետ: