Բելգիայում ՉԺՀ դեսպան Ցյույ Սինը հայտարարել է, որ Չինաստանն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելուն ուղղված Ռուսաստանի գործողություններին, և կոչ է արել Արևմուտքին «հրաժարվել մի դարպասով խաղալու մոտեցումներից», հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Չին դիվանագետն ասել է, որ Արևմուտքը պետք է «հաշվի առնի Ռուսաստանի՝ իր անվտանգության նկատմամբ իրական մտահոգությունը», որ Ուկրաինայում ճգնաժամի «բնույթն ու սկզբնապատճառը» արևմտյան աշխարհի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սկսած «խաղն է», և ճգնաժամի կարգավորման համար նոր մոտեցումներ են պահանջվում:
Նշենք, որ համարյա մեկ տարվա լռությունից հետո Չինաստանը վերջապես հստակեցրեց իր դիրքորոշումը, ինչը շատ կարևոր գործոն է Մոսկվայի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցի քննարկման ֆոնին: Նման հրապարակային աջակցություն ստանալը շատ կարևոր է ՌԴ համար, իսկ ԱՄՆ-ը ստիպված կլինի հաշվի նստել Ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանի դիրքորոշման հետ:
Դեսպան Ցյույը քննադատել է նաև Վաշինգտոն-Կիև համագործակցության ձևը՝ մտավախություն հայտնելով, որ նման արտաքին քաղաքականությունը կարող է տարածաշրջանն աղետի հասցնել: «Միացյալ Նահանգները ձգտում է ցանկացած գնով թույլ չտալ իր դիրքերի թուլացումը աշխարհի ցանկացած մասում, սակայն հաշվի առնելով նրա սահմանափակ ռեսուրսները՝ նրան բավականին դժվար կլինի արտաքին գործերում իր ազդեցությունը պահպանել», - ասել է դիվանագետը:
Չնայած այս հակամարտությունում Ռուսաստանին աջակցությանը, Չինաստանը հայտարարել է, որ կցանկանար Ուկրաինայի հետ պահպանել «բարեկամական համագործակցությունը» և հարգում է նրա ինքնիշխանությունը: