Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հրատարակվող «Ակոս»
թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուքյան
- Ի՞նչ նպատակով եք ժամանել Երևան:
- Երևան եմ այցելել 2 քուրդ պատմաբանների՝ Նամըք Դինչի և Այհան Իշըքի հետ, ովքեր այստեղ են ներկայացնելու իրենց գիրքը: Նամըք Դինչը և Փարիզում ապրող նրա ընկերը՝ Ադնան Չերիքը, Ցեղասպանության մասին Դիարբեքիրում հավաքագրված բանավոր պատմություններից հյուսված գիրք են խմբագրել: Դա բանավոր պատմությունների պարզ շարադրություն չէ, այլ քաղվածքներ է այդ բանավոր պատմություններից: Գրքի խորագիրն է «Հարյուրամյա ախը»: Գրքում ներկայացված է, թե ինչ է պատահել Դիարբեքիրում 1915 թվականին: Ցեղասպանության մասին Դիարբեքիրի քրդերի հիշողությունները դարձել են այս գրքի նյութը:
Նրանք Դիարբեքիրում խոսել են 70 քրդերի հետ և զարմանքով արձանագրել, որ Դիարբեքիրում 1915 թվականի մասին հիշողությունները շատ թարմ են՝ չնայած Ցեղասպանությունն ուրանալու, ժխտելու` Թուրքիայի պետական քաղաքականությանը: Դիարբեքիրի օրինակը ցույց տվեց, որ Ցեղասպանության մասին հիշողությունը շատ վառ է, դեպքերը մանրամասնությամբ հիշվում են, զրույցների ընթացքում մարդիկ անուններ են նշում և այլն: Հիմա նրանք Երևանում են՝ ներկայացնելու գիրքը:
Բացի այդ՝ նրանք մտադիր են նմանօրինակ աշխատանք կատարել Վանի մասշտաբով: Նրանք ուզում են այժմ Վանում բնակվող քրդերին հարցնել 1915 թվականի մասին, ապա Հայաստանում ապրող վանեցիներին հարցնել իրենց հիշողությունների մասին: Եվ այժմ քուրդ պատմաբանները ցանկանում են Հայաստանում գործընկերներ գտնել:
- Քաղաքական մակարդակում ի՞նչ դիրքորոշում ունեն քրդերը Հայոց ցեղասպանության հարցում:
- Քրդերը միայն մեկ կուսակցություն չունեն, դրանք մի քանիսն են: Քրդական իշխող քաղաքական միտքը շատ բարյացակամ է հայերի նկատմամբ, քանի որ լեցուն է հայերի նկատմամբ մեղանչման, զղջման զգացումներով: Նրանք գիտակցում են իրենց նախնիների ունեցած դերակատությունը Հայոց ցեղասպանության մեջ, հետևաբար նրանք շատ բարյացակամ են վերաբերվում հայերին:
Սական կան նաև քրդեր, ովքեր չեն զգում այդ զղջումը և կիսում են թուրքական պետական գաղափարախոսությունը:
- Ինչպիսի՞ն են տրամադրությունները Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին: Արդյո՞ք կարող ենք ասել, որ թուրք հասարակության շրջանում ակտիվացել են քննարկումները Ցեղասպանության շուրջ:
- Ո՛չ, չենք կարող: Դա կարող ենք ասել միայն մտավորական որոշ զանգվածի համար: Ցեղասպանությունն ընդունող, խոստովանող, մեղանչող և ներողություն խնդրող զանգված կա, սակայն սա չի վերաբերում բոլոր թուրքերին:
Շատ կարևոր է, թե ինչպես են թուրքերին ներկայացվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, քանի որ պետության դիրքորոշումը հստակ է և հայտնի բոլորիս: Հետևաբար շատերի համար այդ դիրքորոշումը գոհացուցիչ է, և նրանք հետևում են այդ դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ այս տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներն ավելի զանգվածային պետք է լինեն, ավելի մեծ թվով մարդիկ պետք է մասնակցեն: Թուրքիայի մարդու իրավունքների միությունը թուրքական 28 քաղաքներում միջոցառումներ է կազմակերպել, որոնցից երկուսում, հանրահավաքից բացի, նաև երթ է անցկացվելու: Ես կարծում եմ, որ այս բոլոր միջոցառումները որոշ հետաքրքրություն պետք է առաջացնեն, քանի որ դրանք բնականաբար պետք է լուսաբանվեն տեղական ԶԼՄ-ների կողմից:
Նախկինում «ցեղասպանություն» բառը գործածելն անգամ հանցանք էր համարվում, այսօր արդեն անցել ենք այդ սահմանը, մարդիկ ավելի համարձակ են խոսում, գրում և ավելի համարձակ են բանավեճի գնում: Թուրքիայում այս թեմայի բացահայտ և համարձակ շոշափումը կարևոր առաջխաղացում է մեզ համար:
Մյուս կողմից, սակայն, պետությունը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:
- Որոշ մասնագետներ կարծում են, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը Հայաստանի համար ավելի նախընտրելի է, քան նույն ազգայնականները: Որքանո՞վ է իրական այս տեսակետը:
- Սա որոշ չափով իրական տեսակետ է, որոշ չափով էլ՝ ոչ: Այս կուսակցությունն իշխանության գլուխ եկավ՝ հաղթահարելով ազգայնական կարծրատիպերը: Նրանք իշխանության եկան՝ լինելով ընդդիմադիր շարժում: Սակայն անցած 12 տարիների ընթացքում նրանք հետզհետե դուրս եկան այդ ընդդիմադիր դիմագծից և դարձան նույնը՝ յուրացնելով պետության նախկին կարծրատիպերի կարևոր մի մասը: Այս իմաստով, ճիշտ է, որ իրենք որոշ չափով հաղթահարեցին ազգայնական, քեմալական գաղափարախոսությունը, բայց կարելի է ասել, որ իրենք էլ որոշ չափով կիսեցին այդ գաղափարախոսությունը: Արդարություն և զարգացում կուսակցությունն այլևս ընդդիմադիր շարժում չէ, հետևաբար առաջադիմական չէ, հակառակը՝ հետադիմական, պահպանողական է: