Տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Իսրայելի նախագահի հետ

18:38     5 մարտի, 2015

Մարտի 5-ին Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բնագավառներում։

Հանդիպմանը քննարկվեց հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։


© armedia.am