Թուրքիան և Սաուդյան Արաբիան խորացնում են համագործակցությունն ընդդեմ Իրանի

18:41     6 մարտի, 2015

Օրերս Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդ ալ Ազիզ աս Սաուդիի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է al-monitor լրատվականը:

Հանդիպման ժամանակ կողմերը լուրջ անհանգստություն են հայտնել Իրաքում, Եմենում, Սիրիայում և Լիբանանում Իրանի աճող ազդեցության կապակցությամբ:

Գահ բարձրանալուց հետո սաուդյան նոր արքան ակնհայտորեն փորձում է տարածաշրջանային իր հիմնական մրցակցի` Իրանի դեմ սուննիական դաշինք ստեղծել: Այս հանգամանքով է բացատրվում այն փաստը, որ Էր Ռիադը որոշ հարցերում աչք է փակում Անկարայի քաղաքականության վրա: Խոսքն Անկարայի կողմից Սաուդյան Արաբիայի դաշնակից, Եգիպտոսի նախագահ աս Սիսիի դեմ Մուսուլման եղբայրների պայքարն աջակցելու մասին է:

Թուրքիային սուննիական դաշինքի մեջ ներգրավելու նպատակով Սաուդյան Արաբիան նաև որոշել է մի կողմ թողնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին պաշտոնից հեռացնելու հարցում Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները: Էրդողանի այցի ժամանակ կողմերը պայմանավորվել են սիրիական ընդդիմությանը տրամադրել անհրաժեշտ օգնություն Ասադին գահընկեց անելու համար: Էր Ռիադը նաև պարտավորվել է օգնել Թուրքիային Սիրիայի հետ սահմանին ոչ թռիչքային գոտի ստեղծելու հարցում:

Նշենք, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությունը չի բխում նաև Թուրքիայի շահերից, որը վերջին ժամանակներս մեկուսացված է տարածաշրջանային քաղաքականությունից: Այս տեսանկյունից Թուրքիայի համար տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնելու համար Սաուդյան Արաբիայի հետ դաշինքը լավագույն տարբերակն է:


© armedia.am