Արաբական աշխարհը քննարկում է միասնական ռազմական ուժեր ստեղծելու գաղափարը

15:33     10 մարտի, 2015

Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին կոչ է արել միասնական ռազմական ուժեր ստեղծել «Իսլամական պետության» և այլ խմբավորումների դեմ պայքարելու համար՝ կարևորելով արաբական ժողովուրդների համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: «Բազմաֆունկցիոնալ արաբական ռազմական ուժեր ստեղծելու անհրաժեշտություն կա, որոնք կկարողանան արագ արձագանքել և պայքարել ահաբեկչության և ահաբեկչական խմբավորումների դեմ», - հայտարարել է Նաբիլ Ալ-Արաբին ԱՊԼ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Կահիրեում: Ինչպես հայտնում է AFP-ն, նա ընդգծել է անվտանգության ապահովման և տեղեկատվության փոխանակման ոլորտում արաբական երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը:

Նաև հայտնի է դարձել, որ ԱՊԼ ներկայացուցիչները «Իսլամական պետության» դեմ միասնական ռազմական ուժեր ստեղծելու հարցը քննարկելու են մարտի 28-29-ին Եգիպտոսում: Ավելի վաղ արաբական միասնական ուժեր ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին: Al-Arabiya-ին տված հարցազրույցում վերջինս նշել է, որ նման հակաջիհադիստական ուժերը կարող են աջակցություն ստանալ ԱՊԼ մի շարք անդամ-պետությունների՝ Սաուդյան, Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից: Եգիպտոսի նախագահը տեղեկացրել է, որ այս հարցը քննարկել է նաև Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ, ով ևս իր աջակցությունն է հայտնել այս գաղափարին:

Նշենք, որ Եգիպտոսը փետրվարից ավիահարվածներ է հասցնում ԻՊ-ի դիրքերին Լիբիայում այն բանից հետո, երբ ծայրահեղականները գլխատեցին 21 ղպտիների: Բացի այդ, Սաուդյան, Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Բահրեյնը և Կատարը հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում մասնակցում են Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ-ի զինյալների դիրքերին հասցվող ավիահարվածներին:

Միասնական ռազմական ուժեր ստեղծելու գաղափարն ամենևին էլ նոր չէ արաբական աշխարհում: Համատեղ ռազմածովային ուժեր ստեղծելու մտադրության մասին 2014 թվականի վերջին հայտարարեց Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհուրդը, որը ստեղծվել է 1981 թվականին և ընդգրկում է վեց արաբական միապետություններ` Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման: 2014 թվականին նաև տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քուվեյթը գաղտնի բանակցություններ են վարում նոր դաշինք ստեղծելու համար, որի գլխավոր նպատակն է լինելու ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ պայքարը: 


© armedia.am