Կալիֆորնիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթ

15:09     11 մարտի, 2015

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներ Ադրին Նազարյանը, Խաչո Աչադջյանը և Սքոթ Ուիլքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էսսեների մրցույթ են հայտարարել: Այս մասին գրում է Asbarez.com-ը:

Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներին առաջարկվել է էսսե գրել՝ աջակցելով Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու ջանքերին: Օրենսդիրները մրցույթում հաղթող ճանաչված էսսեի հեղինակին կպարգևատրեն 1000 դոլարով: Իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած էսսեների հեղինակները կստանան համապատասխանաբար 500 և 300 ԱՄՆ դոլար:

Հաղորդվում է, որ աշակերտները պետք է էսսեում դիմեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խոսելով այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Միացյալ Նահանգների ղեկավարությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Աշակերտները պետք է նաև կոչ անեն Թուրքիային՝ հրաժարվել հայերի ցեղասպանության փաստը ժխտելու քաղաքականությունից:

Հաղթող գործերը կցուցադրվեն Սակրամենտոյում գտնվող Կլիֆորնիայի թանգարանում, որտեղ հայերին նվիրված հատուկ ցուցադրություն կլինի:

Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 15-ին, իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին: 


© armedia.am