Չինացիները պահանջում են Դալայ-լամայի վերամարմնավորումը

15:20     12 մարտի, 2015

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամա XIV-ը, ով 1959-ից վտարանդի է և բնակվում է Հնդկաստանի հյուսիսում, դառնում է ավելի քիչ ազդեցիկ ոչ միայն Տիբեթում, այլև նրա սահմաններից դուրս, հայտարարել է ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Էթնիկական և կրոնական կապերի հարցերով կոմիտեի նախագահ Ճու Վեյցյունը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Դալայ-լաման հրաժարվեց Տիբեթի քաղաքական առաջնորդի կոչումից և մնաց միայն հոգևոր առաջնորդ: Իսկ դրանից հետո էլ հայտարարեց, որ իր մահից առաջ ինքը կնշանակի իր հետնորդին` դրանով փոխելով ավելի քան 700 տարվա ավանդույթը: Ահա նրա հենց այս խոսքերն էլ չին պաշտոնյան «դավաճանություն» է անվանել կրոնի և տիբեթյան ժողովրդի ավանդույթների նկատմամբ:

Տիբեթյան ավանդույթի համաձայն, մահից հետո Դալայ-լամայի հոգին վերամարմնավորվում է և վերածնվում երեխայի մարմնում, որին մյուս լամաները գտնում են` համադրելով մի շարք նշաններ: 80-ամյա Դալայ-լաման ասել է, որ իր հոգին կարող է վերածնվել մի երեխայի մարմնում, որը կծնվի Տիբեթի սահմաններից դուրս: Նման մոտեցումը ձեռք չի տալիս չին ղեկավարությանը, որոնք հայտարարում են, որ հաջորդ Դալայ-լաման չի կարող տիբեթցիների հոգևոր առաջնորդ համարվել առանց Պեկինի համաձայնության:

Դալայ-լամայի մտավախությունն այն է, որ չին իշխանությունները հոգևոր առաջնորդի տեղում իրենց մարդուն կդնեն, ինչպես պատահեց 10 տարի առաջ, երբ հռչակված լամաներից մեկն առևանգվեց չինացիների կողմից, և նրա փոխարեն դրվեց Պեկինի դրածոն:


© armedia.am