Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարտիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը հայերեն թարգմանությամբ: Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան)հուշերը իր և իր տարագիր ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ»)համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին: