Խաղաղ համաձայնագրի մշակման վերաբերյալ խոսելը ժամանակավրեպ է. ՀՀ ԱԳՆ

14:07     13 մարտի, 2015

Խաղաղ պայմանագրի մշակման վերաբերյալ խոսելն այժմ ժամանակավրեպ է, մինչ այդ պետք է ստորագրվեն կարգավորման սկզբունքները: Այդ մասին, «Արմեդիա» ՏՎԳ-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունը:

«Խաղաղ պայմանագրի մշակման վերաբերյալ մեր տեսակետները հայտնի են, նրանք փոփոխություն չեն կրել: Ժամանակավրեպ է դրա մասին խոսելը, որովհետև պետք է սկզբունքները համաձայնեցվեն նախևառաջ»,- ասել է Տ. Բալայանը: Նա հավելել է, որ բանակցություններն ընթանում են բնական հունով, և որևէ մակարդակով կայանալիք հանդիպման մասին պատշաճ ժամկետներում նախապես կհաղորդվի:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, թե Բելառուսը պատրաստ է ընդունել Ղարաբաղյան կարագավորման խաղաղ բանակցությունները, այդ թվում՝ խաղաղ համաձայնագրի եզրափակիչ փուլն անց կացնելու համար: «Ես ցանկանում եմ հաստատել, որ Բելառուսը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ համապատասխան որոշումներով նախատեսված ժամկետներում։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ապահովել սպառիչ խաղաղ համաձայնագրի մշակման շուրջ բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի անցկացման վայրը»,- նշել է Բելառուսի արտգործնախարարը:

  


© armedia.am