Եվրախորհրդարանը Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ իր տարեկան զեկույցում կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին ընդունել Ցեղասպանությունը, ինչպես նաև խրախուսել ԵՄ ինստիտուտներին՝ նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ սա բավական կարևոր և նշանակալի քայլ է, քանի որ արտահայտում է 500 միլիոն բնակչություն ունեցող ԵՄ-ի միակ ներկայացուցչական մարմնի՝ Եվրախորհրդարանի ձայնը, ինչը լուրջ ազդեցություն ունի ինչպես ԵՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ստորև ներկայացնում ենք տեղեկանք՝ Եվրախորհրդարանի կառուցվածքի, գործառույթների, ԵՄ կառուցվածքում ունեցած նշանակության ու դերի մասին:
Տեղեկանք
Եվրախորհրդարանը ԵՄ միակ մարմինն է, որ ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով և կոչված է ներկայացնելու ԵՄ ավելի քան 500 միլիոն բնակիչների շահերը: Եվրախորհրդարանի առաջին ուղղակի ընտրությունները տեղի են ունեցել 1979 թվականին, իսկ ներկայիս կազմը ձևավորվել է 2014 թվականի ընտրությունների արդյունքում: Այսօր Եվրախորհրդարանն ունի 751 պատգամավոր, որ ընտրվել են 5 տարի ժամկետով՝ ԵՄ բոլոր 28 անդամ պետությունների քաղաքացիների կողմից:
Իր ձևավորման պահից՝ 1952 թվականից ի վեր, Եվրախորհրդարանի լիազորությունները գնալով ընդլայնվել են: Համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի` Եվրախորհրդարանն արդեն հանդես է գալիս որպես համաօրենսդիր մարմին, ունի բյուջետային լիազորություններ և իրականացնում է հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ: Սակայն օրենսդրական և ԵՄ բյուջեի հետ կապված գործառույթները Եվրախորհրդարանն իրականացնում է ԵՄ խորհրդի հետ համատեղ:
Իհարկե, լինելով ուղղակի ընտրությունների արդյունքում ձևավորվող մարմին, Եվրախորհրդարանը չէր կարող անմասն մնալ նաև մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործառույթներից: Պատգամավորների գլխավոր առաքելությունն էլ հենց ԵՄ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է ինչպես անդամ պետությունների պետական մարմինների, այնպես էլ ԵՄ մյուս մարմինների հետ հարաբերություններում:
Եվրախորհրդարանի հավանությունն անհրաժեշտ է նաև ԵՄ կողմից կնքվող մի շարք միջազգային պայմանագրերի դեպքում, այն լուրջ ներգրավվածություն ունի նաև ԵՄ զարգացման և մարդասիրական օգնության քաղաքականության ձևավորման մեջ: Եվրախորհրդարանի պատգամավորները շատ հաճախ որպես դիտորդներ մասնակցում են տարբեր երկրներում ընթացող ընտրություններին, հետևում, որ ԵՄ կողմից կնքված տնտեսական և առևտրային պայմանագրերում չոտնահարվեն մարդու իրավունքները և հատուկ մրցանակ («Սախարովի» մրցանակ) են շնորհում բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր աշխարհով մեկ պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և խոսքի ազատության համար, ովքեր պայքարում են անհանդուրժողականության և բռնաճնշումների դեմ: Իսկ իրենց ամենօրյա աշխատանքը պատգամավորներն իրականացնում են Եվրախորհրդանում ձևավորված կոմիտեների և քաղաքական խմբերի շրջանակներում:
Եվրախորհրդարանի հերթական ամենամսյա նստաշրջանները գումարվում են Ստրասբուրգում (Ֆրանսիա), արտահերթ նստաշրջանները` Բրյուսելում (Բելգիա), որտեղ աշխատում են Եվրախորհրդարանի կոմիտեները: