«Իսլամական պետության» ահաբեկիչները մտադիր են շարունակել հարձակումները մշակութային հուշարձանների վրա: Քուվեյթից ծայրահեղ իսլամիստ քարոզիչներից մեկը կոչ է արել ոչնչացնել Սֆինքսին և Եգիպտոսի բուրգերը՝ հայտարարելով, որ ժամանակն է երկրի երեսից վերացնել փարավոնների ժառանգությունը: «Այն, որ Մուհամեդ մարգարեի կողմնակից առաջին մուսուլմանները եգիպտական հող ոտք դնելիս չեն կործանել փարավոնների հուշարձանները, չի նշանակում, որ մենք չպետք է դա անենք հիմա», - քուվեյթցի քարոզիչ Իբրահիմ Ալ-Քենդարիի խոսքերը մեջբերում է RT-ն: Նրա կարծիքով մուսուլմանները պետք է վերջ դնեն կռապաշտությանը, ինչպես ժամանակին մարգարեն ոչնչացրեց Մեքքայի կուռքերին:
Բացի այդ, «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին, ով պատմական հուշարձանների կործանումը համարում է մուսուլմանների «կրոնական պարտքը», ևս կողմ է արտահայտվել Եգիպտոսի գլխավոր խորհրդանիշների՝ բուրգերի և Մեծ Սֆինքսի ոչնչացմանը:
Այս հայտարարությունները հնչում են տարածաշրջանում մշակութային հուշակոթողների զանգվածային ոչնչացման համատեքստում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն օրերս ավերել են Հյուսիսային Իրաքում գտնվող Խաթրա քաղաքի պատմական հուշարձանները, իսկ ավելի վաղ ոչնչացրել էին ասորական հնագույն Նիմրուդ քաղաքի ավերակները: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ իսլամիստները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքի կնետրոնական գրադարանը՝ ոչնչացնելով ավելի քան 10 հազար գրքեր: ԻՊ-ի զինյալները ոչ միայն ոչնչացնում են Իրաքում և Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող հնագույն հուշարձանները, այլ նաև վաճառում են դրանք սև շուկայում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իսլամիստների գործողությունները «ռազմական հանցագործություն» են անվանել՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ դադարեցնել ծայրահեղականների գործողությունները: