Վերջին ամիսները վրացական տնտեսության համար ոչ այդքան բարենպաստ էին: Դեռ նախորդ տարվա նոյեմբերից սկսվել և տատանումներով արժեզրկվում էր վրացական արժույթը՝ լարին: Մի քանի ամսվա ընթացքում, տարբեր հաշվարկներով այն արժեզրկվեց մոտ 20%-ով: Արժեզրկումն ուղղակիորեն հանգեցրեց պարենամթերքի և դեղորայքի թանկացման: Այս ամենին ավելացավ նաև ադրբեջանական SOCAR-ի կողմից առևտրային կազմակերպությունների համար գազի գնի բարձրացումը:
Տնտեսական խնդիրների պատճառով ծագած հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով կառավարության կողմից ձեռնարկվեցին մի շարք քայլեր, որոնց շնորհիվ թեև հաջողվեց հարաբերականորեն կասեցնել գնաճը և լարիի արժեզրկումը, այնուամենայնիվ վիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել:
Տնտեսական խնդիրներն անհետևանք չէին կարող մնալ նաև երկրի ներքաղաքական դաշտում: Իշխանությունները, որդեգրելով սեփական տնտեսական քաղաքականությունն արդարացնելու դիրքորոշում, փորձեցին ողջ մեղքը բարդել Վրաստանի Ազգային բանկի և նրա ղեկավարության վրա՝ մեղադրելով անգործության մեջ: «Վրացական երազանքի» այս մեղադրական «գրոհին» միացավ անգամ նրա հիմնադիր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Իշխանությունների կողմից անգամ սկսվեց շահարկվել Ազգային բանկի կառավարչին անվստահություն հայտնելու տարբերակը: Ազգային բանկն, իր հերթին, մեղադրեց կառավարությանը՝ սեփական դիտարկումներն անտեսելու և անարդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու համար:
Մինչ կառավարությունը և Ազգային բանկը փոխանակվում էին մեղադրանքներով, իրավիճակը սեփական շահերին ծառայեցնելու ողջ հնարավորությունը գիտակցեց ընդդիմությունը: Երկու հիմնական ընդդիմադիր ուժերը «Միացյալ ազգային շարժումը» և «Ազատ դեմոկրատները» հանդես եկան կառավարության վարած տնտեսական քաղաքականության կոշտ քննադատությամբ՝ ստեղծված իրավիճակի մեղքի ողջ ծանրությունը դնելով «Վրացական երազանքի», այդ թվում՝ կառավարության, և անգամ Բիձինա Իվանիշվիլիի ուսերին:
Ընդդիմադիր ուժերը ստեղծված իրավիճակում դժգոհ հանրային շրջանակների հաշվին սեփական շարքերը համալրելու բավական հետաքրքիր գործելաոճ որդեգրեցին: Ե՛վ «Միացյալ ազգային շարժումը» և՛ «Ազատ դեմոկրատները» սկսեցին նախաձեռնողական քաղաքականություն՝ ինչը դրսևորվեց տարբեր խնդիրների շուրջ սեփական մոտեցումները, կարգավորման ծրագրերն առաջ քաշելու, տարբեր մակարդակի խորհրդակցություններ անցկացնելու տեսքով: Բավական նպատակային օգտագործվեց նաև խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հնարավորությունը, որի տապալումը իշխանությունների կողմից դաձավ քննադատության նոր առիթ:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ աստիճանաբար տարածում են ստանում ողջ կառավարության կամ առնվազն տնտեսական բլոկի նախարարների հրաժարականի պահանջները: Դրանք հնչեցվել են արդեն մի քանի անգամ տեղի ունեցած ոչ մեծամասշտաբ բողոքի ակցիաների ժամանակ: Գործող իշխանության վրա հասարակական ճնշման տեսանկյունից լուրջ մարտահրավեր կարող է դառնալ մարտի 21-ին «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրված բողոքի ակցիան, որը ոմանք անգամ մեկնաբանում են որպես «Վրացական մայդանի սկիզբ»:
Թե ինչպես կտարնսֆորմացվեն հանրային դժգոհությունները, ցույց կտան առաջիկա օրերը, այնուամենայնիվ մեկ բան ակնհայտ է՝ արտահանման անկումը, գնաճը, խնայողությունների կրճատումը զգալի հարված են ինչպես շարքային Վրաստանի քաղաքացուն, այնպես էլ տնտեսական ողջ ոլորտին: