Բաքուն կվճարի Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության ծախսերը

12:05     16 մարտի, 2015

Բաքվում մարտի 15-ին տեղի է ունեցել ընդդիմության բողոքի ցույց, որին մասնակցել է 4-5 հազար մարդ: Ցույցն արտոնված է եղել իշխանությունների կողմից: Այս մասին փոխանցում է contact.az լրատվականը:

Ցույցի հիմնական թեման իշխանությունների կոռումպացվածությունը և շարքային քաղաքացիների սոցիալական ծանր կացությունն է եղել:

Ցուցարարների մոտ մեծ դժգոհություն էր առաջացրել այն փաստը, որ 19մլրդ մանաթ ունեցող ադրբեջանական բյուջեից պետությունը պատրաստվում է 8 մլրդ մանաթ ծախսել Եվրոպական խաղերի անցկացման վրա:

Ադրբեջանցիների մոտ հատկապես վրդոհմունք է առաջացրել այն փաստը, որ իշխանությունները պատրաստվում են վճարել խաղերին մասնակցող բոլոր պատվիրակությունների, այդ թվում` հայկական պատվիրակության ծախսերը: «Արդեն 20 տարի է փախստականները և պատերազմի վետերանները չեն կարողանում փոխհատուցում ստանալ, իսկ իշխանությունները վճարում են «մեր հողերը զավթած» երկրի պատվիրակության ծախսերը»,-հայտարարել է ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչը:


© armedia.am