ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հրապարակել է Սիրիայում և Իրաքում շարունակվող հակամարտության սարսափելի հետևանքների մասին վերջին տվյալները: Սիրիայում ավելի քան 5,6 միլիոն երեխաներ գոյատևում է հուսահատ պայմաններում, գրեթե 2 միլիոն երեխաներ ապրում են երկրի այնպիսի շրջաններում, որոնք կտրված են մարդասիրական օգնությունից: 2,6 միլիոն սիրիացի երեխաներ չեն կարողանում դպրոց հաճախել: Ավելի քան 2 միլիոն սիրիացի երեխաներ ապրում են փախստականների ճամբարներում Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և այլ երկրներում:
Միաժամանակ Իրաքում համանման իրավիճակի հետևանքով ավելի քան 2,8 միլիոն երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները, նրանցից շատերը հայտնվել են զինված խմբավորումների կողմից վերահսկվող շրջաններում: «Չնայած իրենց կրած կորուստներին՝ ճգնաժամից տուժած երեխաները լի են քաջությամբ և ավելի լավ կյանք ունենալու վճռականությամբ: Տեսնելով նրանց վճռականությունը՝ ինչպե՞ս մենք կարող ենք հրաժարվել նրանց օգնելուց», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս զեկույցը սիրիական հակամարտության հետևանքերի մասին միջազգային գործակալությունների բազմաթիվ նմանատիպ զեկույցներից մեկն է: The New York Times-ը հիշեցնում է, որ 21 մարդասիրական կազմակերպություններ, 2014 թվականը բնութագրելով որպես հակամարտության ամենավատ տարի, հայտարարել են, որ հակամարտության կողմերը շարունակում են արհամարհել մարդասիրական օգնության համար մուտք ապահովելու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի 3 բանաձևերը: Մյուս կողմից, կարիքների համեմատությամբ խիստ նվազել է այս կազմակերպությունների ֆինանսավորումը: «Մեր դարաշրջանի ամենասարսափելի մարդասիրական ճգնաժամը միջազգային աջակցության կարիք ունի, սակայն դրա փոխարեն օգնությունը կրճատվում է», - հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ղեկավար Անտոնիո Գուտյերեսը: