Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր «անհետացումից» հետո հայտնվեց և հայտարարեց լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին, ինչը մամուլում առաջացրեց տարաբնույթ արձագանքներ:
Զորավարժություններն իրենց ընդգրկմամբ բավական մասշտաբային են և ներառում են Հյուսիսային նավատորմը, Արևմտյան, Արևելյան և Հարավային ռազմական շրջանների տարբեր զորամիավորումներ և օդադեսանային զորքերը, ընդհանուր առմամբ՝ 38 հազար զինծառայող և մոտ 4 հազար միավոր տազմական տեխնիկա: Զորավարժությունները տևելու են հինգ օր:
Չնայած այս առիթով մամուլում առաջացած աղմուկին, հատկանշական է, որ սա նման ծավալի արդեն երրորդ զորավարժությունն է: Նման զորավարժությունների պրակտիկան մեկնարկեց ՌԴ Զինված ուժերի նախարար Շոյգույի օրոք, ով, ինչպես հայտնի է, նախաձեռնել է ռուսական բանակի վերազինման և պրոֆեսիոնալիզմի բարձրացման լուրջ ծրագրեր, որոնք աստիճանաբար կյանքի են կոչվում: Բացի այդ, տվյալ զորավարժություններն ունեն նաև մարտական ոգու բարձրացման, տնտեսական խնդիրների առջև կանգնած ժողովրդին ոգևորելու նպատակ:
Ինչ վերաբերվում է զորավարժությունների անցկացման ժամկետին, ապա ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է ՆԱՏՕ-ի ակտիվացմամբ դաշինքի արևելյան անդամ-երկրներում: Հիշեցնեմ, որ օրերս Բալթյան երկրներին ԱՄՆ փոխանցվեց մոտ 120 միավոր ռազմական տեխնիկա, բացի այդ նախատեսվում են նաև լայնածավալ զորավարժություններ: Այս ամենն առնվազն անհրաժեշտություն էր ստեղծում, որպեսզի Ռուսաստանը ցույց տա տարածաշրջանում իր պոտենցիալը և զգոնությունը:
Մամուլում տեղ գտած արձագանքները տվյալ զորավարժության անցկացման պատճառների և նպատակների հետ կապված թերևս արհեստականորեն ուռճացված են: Դա պայմանավորված է ուկրաինական հակամարտությամբ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությամբ և նման պայմաններում բնական է, որ արևմտյան մամուլն ավելի զգայուն է ռուսական կողմի ցանկացած քայլի նկատմամբ: