Եվրախորհրդարանը Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ վերջերս ընդունած իր տարեկան զեկույցում կոչ արեց ԵՄ անդամ բոլոր պետություններին ընդունել Ցեղասպանությունը, ինչպես նաև խրախուսել ԵՄ ինստիտուտներին՝ նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը: Ինչ խոսք, զուտ իրավական առումով, ընդունված զեկույցն ու դրանում տեղ գտած կոչերը պարտադիր նշանակություն չունեն ԵՄ անդամ պետությունների համար: Սակայն, հաշվի առնելով Եվրախորհրդարանի դերն ու նշանակությունը Եվրոպական Միության կազմում, փաստաթուղթը լուրջ նշանակություն ունի քաղաքական առումով: Եվ այստեղ կարևոր է հաշվի առնել, որ Եվրախորհրդարանը ԵՄ միակ մարմինն է, որ ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով, հետևաբար՝ ներկայացնում ու արտահայտում է ԵՄ ողջ բնակչության ձայնը:
Մարտի 12-ին ընդունված զեկույցն առաջինը չէ, որի միջոցով Եվրախորհրդարանը ճանաչում և դատապարտում, ավելին՝ անդամ պետություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվրոպայի ամենաժողովրդավար այս մարմինը 1915 թվականի իրադարձությունները ճշմարիտ կերպով որպես ցեղասպանություն որակել և դատապարտել է դեռ 1987 թվականին: Դրանից հետո էլ ընդունված տարբեր փաստաթղթերի՝ զեկույցների, բանաձևերի միջոցով Եվրախորհրդարանը վերահաստատել է իր այս դիրքորոշումը, հետևաբար՝ ցույց տվել նաև, որ Եվրոպայի կարծիքն այս հարցում միասնական է և այլընտրանք չունի: Ինչ խոսք, չի կարելի բացառել նաև, որ նման բանաձևերի և զեկույցների ընդունմամբ ԵՄ-ն որոշակի ճնշում է գործադրում նաև կառույցին անդամակցելու համար տասնամյակներ շարունակ պայքարող Թուրքիայի վրա, ում այս միջոցով պարբերաբար «հիշեցնում է», որ եվրոպական մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալու ճանապարհին դեռ չլուծված խնդիրներ ունի:
Դժվար է միանշանակ գնահատական տալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված վերջին զեկույցին, սակայն փաստ է, որ դրանով ԵՄ-ն հորդորում է, կոչ է անում իր անդամ պետություններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Քաղաքական առումով սա ինքնին լուրջ հաղթանակ ու ձեռքբերում է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ եվրոպական նման հեղինակավոր մարմնի կողմից այս կոչը հնչում է հենց այժմ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին: