Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգ կազմակերպել Վատիկանում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով КАI գործակալությանը: Ակնկալվում է, որ Ազնավուրը Հռոմի պապ Ֆրանցիսկի հետ քննարկելու է համերգի կազմակերպումը:
Հռոմի պապին մոտ գտնվող աղբյուրները հայտնել են, որ Ֆրանցիսկը լավ ծանոթ է Ազնավուրի գործունեությանը և լսում է նրա երգերը: Թեև անցյալ տարի Ազնավուրը նշեց իր 90-ամյակը՝ երաժշտական քննադատները նշում են, որ նա դեռևս շատ լավ վոկալային տվյալներ ունի, ինչի շնորհիվ կարողանում է համերգներ տալ և նոր ձայնասկավառակներ ձայնագրել: Ազնավուրն ավելի քան 1000 երգեր է գրել, նկարահանվել է 60-ից ավել ֆիլմերում և ավելի քան 1 միլիոն ձայնասկավառակ է վաճառել:
Ապրիլի 12-ին Հռոմի պապը Սուրբ Պետրոսի եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցելու: Այս տարի նա հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ»: Այս կոչմանը ողջ պատմության ընթացքում միայն 36 սրբեր են արժանացել:
Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղսպանությունը 2000 թվականին: 2013 թվականին Մեծի Տանն Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարքության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկը հաստատել է Վատիկանի տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը, և նա ասել է այդ մասին անգամ այն ժամանակ, երբ դեռ արքեպիսկոպոս էր Բուենոս Այրեսում: 2006 թվականին այն ժամանակ դեռ կարդինալ Խոսե Բերգոլյոն կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրության ամենասարսափելի ոճրագործություն հայերի ու մարդկության դեմ»: