Ցեղասպանությանը նվիրված միջոցառում Հարվարդի համալսարանում

20:11     18 մարտի, 2015

Սույն թվականի մարտի 25-ին Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում տեղի կունենա  «Հայաստան 1915- Օսվենցիում 1945. փոքր ազգեր, հզոր ուժեր» անվանումը ստացած միջոցառումը, որը նվիրված կլինի Ցեղասպանության 100, ինչպես նաև Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70 ամյակին, հայտնում է Armenian Weekly-ին:

Միջոցառումը կֆինանսավորվի Հարվարդի Քենեդու անվան  դպրոցի եվրոպական ակումբի, Հարվարդի քոլեջի հայ  ուսանողների  ասոցիացիայի, Հարվարդի Մեսրոպ Մաշտոցի անվան Հայագիտության  ամբիոնի,  ինչպես նաև Հայագիտական  ուսումնասիրությունների  և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR-National Association for Armenian Studies and Research) կողմից:

Միջոցառման մուտքը կլինի ազատ և բաց հանրության համար: Միջոցառմանը մասնակցող փորձագետները կփորձեն բացահայտել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև առկա հնարավոր կապերը, մերժման գործընթացի նմանությունները և տարբերությունները, օսմանացիների և նացիստների դեմ հայ և հրեա ժողովուրդների ինքնապաշտպանական գործունեության մանրամասները, գերտերությունների դերը ցեղասպանությունների իրականացման և դրանց հաջորդող ժամանակահատվածում. կարևոր թեմաներ, որոնց բավականին ուշադրություն չի հատկացվում:


© armedia.am