Սույն թվականի մարտի 25-ին Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում տեղի կունենա «Հայաստան 1915- Օսվենցիում 1945. փոքր ազգեր, հզոր ուժեր» անվանումը ստացած միջոցառումը, որը նվիրված կլինի Ցեղասպանության 100, ինչպես նաև Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70 ամյակին, հայտնում է Armenian Weekly-ին:
Միջոցառումը կֆինանսավորվի Հարվարդի Քենեդու անվան դպրոցի եվրոպական ակումբի, Հարվարդի քոլեջի հայ ուսանողների ասոցիացիայի, Հարվարդի Մեսրոպ Մաշտոցի անվան Հայագիտության ամբիոնի, ինչպես նաև Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR-National Association for Armenian Studies and Research) կողմից:
Միջոցառման մուտքը կլինի ազատ և բաց հանրության համար: Միջոցառմանը մասնակցող փորձագետները կփորձեն բացահայտել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև առկա հնարավոր կապերը, մերժման գործընթացի նմանությունները և տարբերությունները, օսմանացիների և նացիստների դեմ հայ և հրեա ժողովուրդների ինքնապաշտպանական գործունեության մանրամասները, գերտերությունների դերը ցեղասպանությունների իրականացման և դրանց հաջորդող ժամանակահատվածում. կարևոր թեմաներ, որոնց բավականին ուշադրություն չի հատկացվում: