ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության վերանայման հնարավորության մասին: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչն, Օբաման այս մասին Նաթանյահուին հայտնել է վերջինիս հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Ամերիկյան նախագահի նման հայտարարության համար պատճառ են հանդիսացել Պաղեստինյան պետականության անհնարության մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հայտարարությունները:
Այսպես, մարտի 19-ին լրագրողների հետ հերթական բրիֆինգի ժամանակ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը վերանայում է միջազգային հարթակներում Իսրայելին պաշտպանելու իր քաղաքականությունը Նաթանյահուի նախընտրական հայտարարությունների պատճառով»: Վերջինիս փոխանցմամբ՝ «Վաշինգտոնը բազմիցս միջամտել է ՄԱԿ-ում և այլ բազմակողմ ֆորումներում այնպիսի որոշումների ընդունման, որոնք հակասում են Իսրայելի շահերին՝ կարծելով, որ հակամարտության կարգավորման ամենաճիշտ ուղին պաղեստին-իսրայելական երկկողմ բանակցություններն են»:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նաթայահուն հայտարարել էր Պաղեստինյան անկախ պետության ստեղծման անհնարության մասին: Ավելի ուշ, սակայն, նա մտափոխվել էր: NBC-ին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ հանդես է գալիս երկու պետությունների խաղաղ գոյակցության դիրքերից, սակայն դրա համար առկա են որոշակի նախապայմաններ:
Նաթանյահուն իր հայացքները բացատրում է նրանով, որ Պաղեստինյան ինքնավարությունը չի ճանաչում Իսրայելին՝ որպես հրեաների հայրենիք: Նա նաև ընդգծում է, որ Ղազայի հատվածը շարունակում է վերահսկել ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբակցության կողմից:
Նշենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ կան նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իսրայելը խիստ կոշտ դիրքորոշում է որդեգրել այս հարցում՝ հանդես գալով Իրանի նկատմամբ որևէ փոխզիջում նախատեսող ցանկացած գործարքի դեմ: Նաթանյահուն բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի՝ Իրանի հետ երկխոսությունը զարգացնելու քաղաքականության քննադատությամբ: