«Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւք որքան ունեք: Հանե՛ք ձեր փաստերը, մասնագետներին հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է», - սա Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հերթական ելույթի՝ երեկ Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացման խոսքից մի հատված է:
Այսպիսով, հերթական անգամ թուրքական պետության ղեկավարի կողմից առաջ է քաշվում «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու գաղափարը՝ «պատմական փաստերն ուսումնասիրելու և ճշմարտությունը վեր հանելու նպատակով»:
Թուրքիայի կողմից «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկը վաղուց է, ինչ շրջանառության մեջ է: 2005 թվականին Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից պաշտոնական առաջարկի տեսքով ներկայացվեց Հայաստանի իշխանություններին: Հայկական կողմի (թե՛ ՀՀ-ի, թե՛ սփյուռքի) պատասխանն այս հարցում միշտ էլ նույնն է եղել՝ «Ցեղասպանությունն ապացուցելու կարիք չկա, այն անհերքելի ճշմարտություն է»:
Եվ իսկապես, առավել քան անհեթեթ է ամեն անգամ այս հանձնաժողովի ստեղծման մասին խոսելը, առավել ևս, որ նույն Թուրքիան սեփական դատարանի վճռով դատապարտել է ոճրագործությունն իրականացնողներին: Երկու ամիս տևած դատավարության արդյունքում 1919-ի հուլիսին դատարանը հրապարակել է իր վճիռը՝ մահվան դատապարտելով Ցեղասպանության կազմակերպիչներին, որոնց թվում՝ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեղավոր ճանաչելով հայերի զանգվածային կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեջ: Թերևս միայն սա էլ բավական է Թուրքիային՝ ընդմիշտ մոռանալու «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու անհեթեթ առաջարկի մասին, չնայած, որ գոյություն ունեն բազմաթիվ այլ վկայություններ ևս, այդ թվում՝ Թուրքիայում հավատարմագրված եվրոպացի դիվանագետների նամակներ, զեկուցագրեր և այլն:
Ինչ խոսք, այս ամենը գիտակցում է նաև Թուրքիան, և երբ չկա ճշմարտությունն ընդունելու քաջություն, դրանից խուսանավելու տարբեր հնարքներ են գործի դնում Թուրքիայի իշխանությունները: Էրդողանը նույնիսկ պնդում է, թե «Թուրքիան կապ չունի հարյուր տարի առաջ տեղի ունեցածի հետ»: Այնինչ այստեղ բավական է միայն հիշել, որ Թուրքիայի Հանրապետությունն արդեն իսկ ճանաչվել է որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Խոսքը «Օսմանյան պարտքի արբիտրաժի» մասին է, որով վերջնական պատասխան տրվեց Թուրքիայի իրավահաջորդության հարցին: Այդ դատավարության ընթացքում քննարկվում էր Օսմանյան կայսրության արտաքին պարտքի վճարման հարցը և համաձայն արբիտրաժի որոշման, Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու ճանաչվեց Օսմանյան կայսրության արտաքին պարտքերի համար, քանի որ հանդիսանում է նրա իրավահաջորդը: Բնական է, որ նույն կերպ ներկայիս Թուրքիան պատասխանատու է նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության համար: