Այսօր Մեծ Պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին է

13:44     22 մարտի, 2015

Մարտի 22-ը Մեծ Պահքի վեցերորդ կիրակին է և կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հենց այս օրը հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել, նշում է qahana.am-ը:

Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղե՛ք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…»:

Գալստյան կիրակին կոչ է համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:

Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի:


© armedia.am