Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախումբը կանցկացնի Արդարության երթ, որն էլ կլինի այդ օրվա միակ միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին հայտնում է asbarez.com-ը: Ինչպես կազմակերպիչներն են նշում, երթի մասնակիցներն առավոտյան ժամը 10:00-ին հավաքվելու են լոսանջելեսյան Փոքր Արմենիա շրջանում և շուրջ 10 կմ քայլելու են դեպի Թուրքիայի հյուպատոսություն՝ ի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ բողոքի:
Կազմակերպիչների խոսքով այս համահայկական երթը կմիավորի Սփյուռքի ներկայացուցիչներին արդարության համար իրենց պայքարում՝ ցույց տալով հայ ժողովրդի հավաքական ուժն ու ոգին:
Հանձնախումբը սոցիալական ցանցերում արշավ է սկսել՝ կոչ անելով մարդկանց կարճ տեսագրություններ նկարահանել այն մասին, որ մասնակցելու են ապրիլի 24-ի Արդարության երթին, և դրանք տեղադրել համացանցում: