Թուրքական քաղաքական վերնախավում` մասնավորապես, վարչապետ Դավութօղլուի և նախագահ Էրդողանի միջև ի հայտ են եկել առաջին հրապարակային տարաձայնությունները: Գլխավոր պատճառը քրդական խաղաղ կարգավորման գործընթացն է: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը քննադատել է Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով իր անհամաձայնությունն է հայտնել քրդական գործընթացին հետևելու համար մոնիթորինգային խումբ ստեղծելու թուրքական կառավարության ծրագրի կապակցությամբ: Էրդողանը հայտարարել է, որ տեղեկություն չունի նման խմբի ստեղծման մասին, ավելին, այդ մասին տեղեկացել է մամուլից և դրական չի վերաբերվում այդ գաղափարին:
«Մեր կառավարությունն օգտակար է համարում մոնիթորինգային խմբի ստեղծումը: Մենք պատասխանատու ենք այդ գործընթացի համար: Էրդողանի հայտարարությունն իր անձնական դիրքորոշումն է», - հայտարարել է Արինչը: Նրա խոսքերով անհնար է պատկերացնել, որ Թուրքիայի նախագահն անտեղյակ է կառավարության ծրագրերից, քանի որ նա ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ավելի ուշ Արինչը հաստատել է իր քննադատությունը քրդական գործընթացում Էրդողանի միջամտության կապակցությամբ՝ հայտարարելով, որ չնայած իշխող կուսակցությունը սիրում է երկրի նախագահին՝ չպետք է մոռանալ, որ երկրում կառավարություն կա: «Մենք սիրում ենք մեր նախագահին, գիտենք նրա ուժը, սակայն խնդրում եմ, պետք չէ մոռանալ, որ այս երկրում կառավարություն կա», - Արինչի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը:
Էրդողանին ուղղված Արինչի հայտարարությունը հնչել է ճիշտ այն օրը, երբ Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կրկին կոչ է արել իր կողմնակիցներին հնարավորինս շուտ համագումար կազմակերպել և քննարկել խմբավորման զինաթափումը: Օջանալը կոչ է արել վերջ տալ բռնությանը և «անցում կատարել խաղաղությանը, եղբայրությանն ու ժողովրդավարությանը»: Օջալանի հայտարարությունն ընթերցվել է Նովրուզի տոնակատարությանը նվիրված քրդական մեծ ցույցի ժամանակ: Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Օջալանը 10 կետանոց հռչակագիր է ներկայացել և հայտարարել, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և նպաստի PKK-ի համագումարի կայացմանը:
Թուրքական կառավարությունն իր գոհունակությունն է արտահայտել Օջալանի կոչի կապակցությամբ՝ գնահատելով նրա հայտարարությունը որպես անհրաժեշտ քայլ: Մինչդեռ երկրի նախագահ Էրդողանը հատարարել է, որ Օջալանի հայտարարությունը «ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ»: