Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ստացվել են նշանակված մի շարք փորձաքննությունների եզրակացությունները:
Այսպես, ինչպես հայտնում է Ավետիսյանների ընտանիքի փաստաբան Երվանդ Վարոսյանը, դատակենսաբանական փորձաքննությունը հաստատել է, որ դեպքի վայրում գտնված հագուստի և կոշիկների վրայի քրտինքի հետքերն իրենց խմբային պատկանելությամբ նույնական են ռուս զինծառայող Վալերի Պերմյակով քրտինքին։ Դեպքի վայրում գտնված զինվորական համազգեստի գլխարկի վրա գտնված մազերը ևս իրենց կառուցվածքով և արյան խմբով համապատասխանում են Պերմյակովի մազերին։
Ավելի վաղ հաստատվել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները արձակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում։ Այժմ փորձագետները փորձում են պարզել` արդյոք մարդասպանը օգտագործել է խլացուցիչ, թե ոչ։
Սակայն վերջնական վճիռ կայացնելու համար այժմ բացակայում են առանցքային համարվող դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք ցույց կտան` արդյոք Պերմյակովը հանցանքը կատարելիս գիտակցել է իր գործողությունները, թե ոչ։
Նշենք, որ Պերմյակովն արդեն ուղղարկվել է դատաբժշկական փորձաքննության, որնիրականացվելու է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում։
Հունվարի 12-ին Գյումրիում 7 հոգուց կազմված Ավետիսյաններ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն այժմ գտնվում է ռազմաբազայում։ Հայաստանում շարունակում են Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջները։ Այս հարցով այժմ ակտիվ զբաղվում է Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Պերմյակովին հայ իրավապահպաններին հանձնելու մասին բանաձևի նախագիծը։