Չինաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են շարունակել վիճելի տարածքների շուրջ խորհրդակցությունները՝ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրի շահերը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Մոդիի` վարչապետ դառնալուց հետո Հնդկաստանի և Չինաստանի միջև առաջին անգամ Նյու Դելիում տեղի են ունեցել բանակցություններ սահմանային խնդիրների շուրջ։ Բանակցային գործընթացի ակտիվացումը պայմանավորված է այս տարվա մայիսին Մոդիի՝ Չինաստան կատարելիք այցով։
Այժմ Չինաստանը Հնդկաստանից բաժանում է «Մակմահոնի գիծ» պայմանական անվանումը ստացած սահմանը։ Նշենք, որ Հնդկաստանը ճանաչել է այն, իսկ Չինաստանը՝ ոչ։ Սահմանային վեճերը 1962թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երկու տերությունների միջև սահմանային պատերազմի առիթ են դարձել։ Տեսականորեն այդ պատերազմում հաղթել է Չինաստանը, սակայն վերջինս միակողմանիորեն դադարեցրել է ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը հայտարարել է իր չեզոքության մասին, իսկ ԱՄՆ-ը սկսել է զենք մատակարարել Հնդկաստան։
45 տարվա ընթացքում կողմերը բազմիցս փորձել են պայմանավորվածություններ ձեռք բերել վիճելի տարածքների շուրջ։ Մասնավորապես 1993թ․ և 1996թ․ Չինաստանը և Հնդկաստանը ստորագրել են համաձայնագրեր, որոնք, սակայն, որևէ արդյունք չեն տվել։ Շարունակում է վիճելի մնալ սահմանային երկու հատվածների՝ Քաշիմիրի հյուսիսարևելյան հատվածի և Արունաչալ-Պրադեշ նահանգի հյուսիսային հատվածի պատկանելության հարցը։