Մարտի 19-ին Ադրբեջանը խախտեց սահմանում դեռևս փետրվարի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցից հետո ձևավորված հարաբերական հանգստությունը: Գրեթե 2 ժամ տևած մարտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հակառակորդը եղել է լավ նախապատրաստված, ինչպես նաև եղել է բավականին բազմաքանակ խմբով: Ակնհայտ է, որ հերթական տապալված դիվերսիան նպատակ ուներ զգալի կորուստներ պատճառել հայկական կողմին, սակայն պաշտպանության բանակի զինվորների պրոֆեսիանալիզմի շնորհիվ այժմ ունենք հակառակ պատկեր: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ունեցել է 12-14 զոհ, ցավոք, հայկական կողմին ևս չի հաջողվել խուսափել կորուստներից:
Տապալված հարձակումից հետո Ադրբեջանը շտապեց հայտարարել, թե հայկական կողմն է կազմակերպել դիվերսիան և ընդունեց սեփական զինվորների մի մասի մահվան փաստը, այնուամենայնիվ ադրբեջանցի գրոհայինների կողմից մարտի դաշտում թողնված սպառազինությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքվի հայտարարությունը որևէ կապ չունի իրականության հետ:
Ձախողված գործողության մանրամասներից առավել կարևոր է հասկանալ, թե ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի նման «պոռթկումները»: Իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար առանձնացնենք մի շարք գործոններ, որոնք այս կամ այն չափով հանդիսացան նման քայլի առիթ:
Նախ սկսենք նրանից, որ այդ օրերին Հայաստանում ընթանում էին մի շարք կարևոր միջոցառումներ՝
Այս երեք իրադարձությունները թերևս Ադրբեջանի համար բավական նպաստավոր առիթ էին Ղարաբաղյան հակամարտության և մշտական լարվածության վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար: Հաշվի առնելով հակամարտության բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը, հակամարտության կարգավորման ձգձգումը, ինչպես նաև նոր՝ ուկրաինական հակամարտության կարևորման գործոնը՝ այսօր Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային հանրության աչքերում համեմատաբար մղվել է երկրորդական պլան, և բնականաբար ստատուս-քվոյի պահպանումը նյարդայնացնում է ադրբեջանական ղեկավարությանը, ինչն էլ դրդում է նման քայլերի:
Որպես սահմանային սրացումների մեկ այլ էական պատճառ կարող ենք դիտարկել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և այս առիթով իրականացվող միջոցառումները ողջ աշխարհում: Գաղտնիք չէ, որ Թուրքիան դեռևս մի քանի տարի առաջ մշակել և այժմ իրականացնում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հակազդելու իր ծրագիրը: Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի «փոքր եղբայր» և ողջ հայությունը թշնամի համարող ղեկավարություն ունեցող երկիր, բնականաբար այդ ծրագրերում ունի իր որոշակի դերը: Այդ դերակատարման մաս է նաև Թուրքիայի պատվերով իրավիճակի սրումը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններին: Այս ամենն արվում է Ցեղասպանության միջոցառումներից հանրային և միջազգային ուշադրությունը շեղելու, հայկական կողմի ռեսուրսները վատնելու նպատակադրմամբ: Թուրք-ադրբեջանական նման դավադրությության առկայության մասին է վկայում թեկուզ հենց այն փաստը, որ տարբեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր Ադրբեջանում գտնվում է թուրքական բանակի մոտ 50 հրահանգիչ, ովքեր հետևողականորեն աշխատում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատների պատրաստման, դիվերսիոն գործողությունների մշակման ուղղությամբ:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ սահմանային լարվածության հարցում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են: Հաշվի առնելով բանակցություններում առկա փակուղային իրավիճակը՝ վերջինս հաճախակի դարձած միջադեպերով արդեն տևական ժամանակ փորձում է ճնշում գործադրել ինչպես հայկական կողմերի, այնպես էլ համանախագահների վրա՝ առաջարկելով բանակցային գործընթացում կատարել բովանդակային փոփոխություն, ավելի կոնկրետ՝ առաց հակամարտության կարգավորման սկզբունքների ստորագրման անցում կատարել շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին:
Նման անցումն, ըստ էության, հանդիսանում է բանակցային գործընթացի տրամաբանական և տեխնոլոգիական խախտում, ինչը չի կարող հանգեցնել որևէ երաշխավորված արդյունքի: Բացի այդ, շրջանակային համաձայնագրի տարբեր կետերի շուրջ բանակցությունների համար պարտադիր է վստահության մթնոլորտը, ինչն ամենօրյա կտրվածքով հրադադարի ռեժիմի խախտման պարագայում անհնար է: Ավելին՝ նման բանակցությունների մեկնարկն առանց ԼՂՀ անմիջական մասնակցության ևս անընդունելի է հայկական կողմերի համար:
Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ առնվազն չենք կարող բացառել, որ ապրիլի 24-ին ընդառաջ նման դիվերսիոն գործողությունները և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն առավել հաճախ կրկնվեն, ինչի հետ կապված պետք է ակնկալել ինչպես ԼՂՀ ԲՊ և ՀՀ ԶՈւ-ի առավել կոշտ պատասխանն, այնպես էլ միջազգային հանրության, ՄԽ համանախագահների առավել խիստ գնահատականը: